Հայկ Մարությանը խոսեց աղբահանության խնդրից. կլուծարե՞ն պայմանագիրը «Սանիթեքի» հետ

 

Քաղաքապետարանը փորձել է օգնել «Սանիթեքին», սակայն ընկերությունը չի ցանկանում գումարներ ներդնել։

 

 Երևանի քաղաքապետարանն իր կողմից արել է ամեն ինչ, սակայն «Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարողանում սպասարկել Երևան քաղաքին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Չի կարողանում» ասելով` քաղաքապետը ի նկատի, որ ընկերության մեքենաներն ու աշխատուժը  չեն բավարարում, այլ ոչ թե ցանկություն չունի։

 

«Սանիթեքի» աղբամաններ

«Մեքենաների տեխնիկական վիճակը գրեթե հասել է 0-ի։ Իրենք հավաստիացնում են, որ օրական 12-18 մեքենա են հանում, բայց այդ մեքենաների մեծ մասը ճանապարհի կեսից խափանվում է, այսինքն՝ քիչ քանակությամբ մեքենաներ են սպասարկում քաղաքը։ Այն, ինչ այսօր ունենք, զուտ դրա արդյունքն է»,- ասաց Մարությանը։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը փորձել է օգնել «Սանիթեքին», սակայն ընկերությունը չի ցանկանում գումարներ ներդնել։ Որպես օրինակ բերեց նաև աղբամանները՝ հիշեցնելով, որ, ըստ պայմանագրի, պետք է լինի 8000 աղբաման, սակայն այսօր առկա է 5000-ը՝ այն էլ վատ վիճակում։

«Կառավարությանը խնդրել եմ, որ 5 աղբահանող մեքենա բերեն, որ իրավիճակը գոնե վերահսկելի լինի։ Բայց մենք պարզապես օգնում ենք «Սանիթեքին»»,- շարունակեց Մարությանը։

Քաղաքապետը հիշեցրեց, որ «Սանիթեք» ընկերությունը պայմանագրով պարտավորվում է իրականացնել Երևան քաղաքի ամբողջ սանմաքրումը, աղբահանությունը, ձնամաքրումը։ Նա շեշտեց՝ այլ որևէ ընկերություն իրավունք չունի անել, բայց քանի որ քաղաքապետարանի ուղիղ պարտականությունն է մաքրել քաղաքը, կողքից օգնում են։

Мусорный бак компании Санитек

Անդրադառնալով «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարվելու հարցին` Հայկ Մարությանը ասաց, որ ժամանակը ցույց կտա։

Հայկ Մարությանը հայտարարեց, որ ամեն ամիս «Սանիթեքին» տուգանում են թերի կատարած աշխատանքի համար, օրինակ՝ այս ամիս 26 մլն է տուգանվել, նախորդ ամիս՝ 13 մլն-ով և այլն։ Երևանի քաղաքապետը վստահեցրեց, որ առաջիկա ամիսներին Երևանում աղբահանությունը լուրջ կվերահսկվի, իսկ հունիսի վեջին Հայաստան կգան նոր մեքենաները։

https://armeniasputnik.am/society/20190612/19107261/hay-marutyany-xosec-axbahanutyan-xndric.html

Be the first to comment on "Հայկ Մարությանը խոսեց աղբահանության խնդրից. կլուծարե՞ն պայմանագիրը «Սանիթեքի» հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*