Փորձում են քաոս ստեղծել ու ցույց տալ, թե հեղափոխական իշխանությունը չի կարողանում կառավարել երկիրը

 

Օրերս կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե որոշ ուժեր հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ:

 

«Կան մարդիկ, որոնք ցանկանում են երկրում քաոսային վիճակ ստեղծել, և քանի որ չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում գրեն՝ քաոսային վիճակ է, լարված իրավիճակ է, ներքաղաքական անկայունություն է, պայթյունավտանգ իրավիճակ է։

 

Փորձում են քաոս ստեղծել ու ցույց տալ, թե հեղափոխական իշխանությունը չի կարողանում կառավարել երկիրը։ Սա արդեն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարո՛ն Վանեցյան:

Այսինքն՝ հիբրիդային պատերազմ են վարում այդ մարդիկ կոնկրետ ՀՀ-ի դեմ, և այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի են:

Հասկացանք՝ մեկ, երկու, երեք, չորս… այսինքն՝ այդ գող-ավազակները պետք է իրենց լա՞վ զգան այս երկրում. նրանք պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես:

Սա ազգային անվտանգության խնդիր է, և լրջորեն զբաղվեք այս հարցով»,- ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը կարծում է, որ վարչապետի մտահոգությունը միանգամայն տեղին է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարդանյանը մասնավորապես նշեց.

«Ես գիտեմ, թե նրանք ովքեր են, և գիտեմ նաև աղբյուրը։ Բազմիցս այդ մասին շեշտել ու խոսել եմ. աղբյուրը Ռուսաստանն է։ Եվ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ վարում է ոչ միայն մեր, այլև բոլոր նախկին սովետական հանրապետությունների նկատմամբ, ովքեր եվրոպական ճանապարհն են ընտրել, այսինքն՝ գնում են դեպի ժողովրդավարություն։

Իհարկե, դա Ռուսաստանին ձեռք չի տալիս, և Ռուսաստանը ամեն կերպ այդ պատերազմը հրահրում է տարբեր տարածքներում, իսկ վերջին շրջանում՝ շատ ընդգծված նաև մեր դեմ»։

Մեր այն դիտարկմանը, թե ովքեր են Հայաստանում դրա սպասարկողները, Արկադի Վարդանյանը պատասխանեց. «Դրանք ծախու մարդիկ են, ինչպես նաև նախկին հանցագործ իշխանության կցորդները, մանկլավիկներն ու կցորդներն են։ Վտանգը գնալով ահագնանում է, ես տեսնում եմ, որ ավելի ու ավելի շատ ջանքեր են գործադրվում՝ փորձելով այստեղ քաոսային իրավիճակ ստեղծել և ցույց տալ, թե հեղափոխական իշխանությունն ի վիճակի չէ երկիրը ղեկավարելու»։

Արկադի Վարդանյանը մեջբերեց Քոչարյանի գործով դատական նիստերը, նաև վերջինը Վերաքննիչ դատարանում. «Մարդիկ կային, որ բողազները պատռելով գոռգոռում էին՝ Քոչարյան, վերադարձիր, մեզ փրկիր, և այսպես շարունակ։ Սա հիբրիդային պատերազմի դրսևորումներից մեկն է»։

Ամփոփելով՝ քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը նախկին իշխանությունների միջոցով է հիբրիդային պատերազմ հրահրում:

«Եվ իրենց ապօրինի կուտակած ֆինանսատեխնիկական միջոցներով։ Ես չեմ հոգնի կրկնել՝ ամենամեծ սխալը, որ արել է հեղափոխական իշխանությունը, այն է, որ քաղաքական գնահատական չի տրվել նախկին ռեժիմին։

Մինչև այդ գնահատականը ի լուր աշխարհի չտրվի, մեր հասարակությունը չի համոզվի, որ նոր իշխանությունը հստակ քայլերով գնում է դեպի ժողովրդավարություն։

Մինչև այդ գնահատականը չտրվի՝ մնացած ամեն ինչ անիմաստ ու անտրամաբանական է դառնում»,- եզրափակեց նա։

 

Փորձում են քաոս ստեղծել ու ցույց տալ, թե հեղափոխական իշխանությունը չի կարողանում կառավարել երկիրը

Be the first to comment on "Փորձում են քաոս ստեղծել ու ցույց տալ, թե հեղափոխական իշխանությունը չի կարողանում կառավարել երկիրը"

Leave a comment

Your email address will not be published.


*