Սերժ Սարգսյանը կարոտում է Մոնթե Մելքոնյանին, բայց մահվան օրը նրա շիրիմին չի այցելել

 

Այսօր ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան տարելիցն էր:

 

Նրա աճյունն ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի այցելել Մոնթեի շիրիմին:

 

Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքի լրահոսից տեղեկանում ենք, որ նա այսօր այցելել է միայն ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին. նախկին վարչապետն այսօր կդառնար 68 տարեկան:

Մոնթե Մելքոնյանի շիրիմին չայցելելու համատեքստում ուշագրավ է Սերժ Սարգսյանի՝ ոչ վաղ անցյալում արած հայտարարությունը, որ նա կարոտում է Մոնթեին և մյուս տղաներին:

«Ես կարոտում եմ այն տղաներին, ովքեր գոյամարտի ընթացքում զոհվել են: Ես շատ եմ կարոտում Վազգենին, թեև նա ազատամարտի ժամանակ չզոհվեց:

Ես շատ եմ կարոտում Ավոյին (Մոնթե Մելքոնյան), Ասկոլկային, Յուրային, Խորիկին, Դուշման Վարդանին, շատերին եմ կարոտում»,- Արցախի Հանրապետությունում «Արցախ» հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Սերժ Սարգսյանը:

Նա, միաժամանակ, նշել էր, որ իր կարոտն առնելու համար այցելում է նրանց շիրիմներին: Սակայն այսօր, Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքի մատուցած տեղեկատվության համաձայն, նա չի այցելել Եռաբլուր:

Հավելենք, որ վարչապետի և պաշտպանության նախարարության պաշտոնական կայքերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս չեն այցելել Ազգային հերոսի շիրիմին՝ մահվան օրվա կապակցությամբ:

Մոնթե Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունու շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ղեկավարել է Մարտունու (ազատագրված գյուղեր), Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին՝ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:

 

https://factor.am/159460.html

Be the first to comment on "Սերժ Սարգսյանը կարոտում է Մոնթե Մելքոնյանին, բայց մահվան օրը նրա շիրիմին չի այցելել"

Leave a comment

Your email address will not be published.


*