Նոբելյանի հերթական սկանդալը. ինչպես հայ գիտնականի նորարարությունը վերագրվեց ուրիշներին

 

Բժշկության պատմության ամենակարևոր գյուտերից մեկի հեղինակը ծագումով հայ Ռայմոնդ Դամադյանն է։ Նա համարվում է մագնիսառեզոնանսային սարքի ստեղծողը, ով, սակայն, գիտության ոլորտում իր կատարած հեղափոխական գյուտի համար այդպես էլ Նոբելյան մրցանակ չստացավ։

 

ԱՄՆ–ում ապրող Ռայմոնդ Դամադյանը մանկուց երազում էր երաժիշտ դառնալ, առավոտից երեկո ջութակը ձեռքն առած պարապում էր, սովորում, թե ինչպես կարելի է մատներով դիպչել գործիքի, իսկ ծնվող հնչյուններով՝ հոգու լարերին։

 

8 տարի նա հաճախեց Ջուլիարդ հայտնի երաժշտական դպրոց, անտարբեր էր չէր նաև սպորտի նկատմամբ, անգամ մասնակցել էր Դեյվիսի գավաթի պատանեկան մրցաշարերին։ Սիրելի տատիկի երկարատև, ծանր հիվանդությունն ու մահը  (կրծքի քաղցկեղ) գլխիվայր փոխեցին երազանքների ուղղությունը. ոչ թե արվեստ, այլ գիտություն։ Ռայմոնդը երդվեց իր կյանքը նվիրել օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարին։

Raymond V. Damadian

Նրա հայրը՝ Վահան Դամադյանը (կինը՝ Օդետ Յազեդջյան) հազարավոր հայերի նման 1915-ի կոտորածից հետո մազապուրծ ապաստան գտավ Ամերիկայում։ Ընտանիքն ապրում էր Նյու Յորք նահանգի Մելվիլ փոքրիկ գյուղաքաղաքում։

Դպրոցն ավարտելուց հետո Ռայմոնդը կրթությունը շարունակեց Վիսկոնսինի համալսարանում՝ ստանալով մաթեմատիկայի գծով բակալավրի, այնուհետև Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում՝ դոկտորի աստիճաններ։ Սովորելուն զուգահեռ Ռայմոնդն աշխատում էր նաև որպես թենիսի մարզիչ։ Ի դեպ, հենց այդ աշխատանքի ժամանակ էլ նա հանդիպում է ապագա կնոջը՝ Դոնա Թերիին, որի հետ ամուսնանում է բժշկական  դպրոցն ավարտելուց հետո։

1971թ.-ին, երբ նա Հարվարդի համալսարանի ասպիրանտ էր, «Գիտություն» հայտնի ամսագրում տպագրեց մի գիտական հոդված, որում ասվում էր, որ ուռուցքները և սովորական հյուսվածքները տարբեր կերպ են արձագանքում ատոմային մագնիսական  ռեզոնանսին։ Նման եզրահանգման նա եկել էր առնետների վրա կատարված  հետազոտություններից հետո, երբ առաջին անգամ բժշկության պատմության մեջ նրան հաջողվում է իր մեթոդի կիրառմամբ առնետի մոտ քաղցկեղ հայտնաբերել։ Նա համոզված էր, որ այդ մեխանիզմը կարող է օգտագործվել մարդկանց շրջանում քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ 1972թ․-ին նա առաջարկեց անցկացնել մարդու ամբողջ մարմնի սկանավորում և հայտ ներկայացրեց Սարք և մեթոդ` հյուսվածքներում քաղցկեղի հայտնաբերման համար արտոնագիր ստանալու համար, սակայն հայտը ներկայացնելուց միայն 2 տարի անց նա ստացավ արտոնագիր` մագնիսառեզոնանսային ոլորտում չարորակ նորագոյացությունների ախտորոշման համար։

«Նրանք ինձ խելագար էին համարում, երբ ես լսարանին ներկայացնում էի անմիտ թվացող այն գաղափարը, որ մարդուն կարելի է դնել մագնիսի մեջ»,- հետագայում պատմում է Դամադյանը։

Մի քանի տարի անց նա որոշում է սարքը փորձարկել արդեն մարդու վրա․ որպես գիտնական առաջին փորձը որոշում է հենց իր վրա կատարել, սակայն փորձն անհաջող արդյունք է ունենում, քանի որ, ինչպես հետագայում է պարզվում, Դամադյանի մարմնի քաշը չափազանց մեծ էր, որպեսզի մագնիսական դաշտն ազդեր դրա վրա։ Մի քանի տարի անց մեթոդը փորձարկվում է նրա օգնականի վրա, և վերջապես գիտականորեն ապացուցվում է Դամադյանի պնդումը։ Նրա հայտնագործությունը համարվում է բժշկական ախտորոշման ոլորտում ամենամեծ առաջընթացներից մեկը։ 1978թ․-ին նա ստեղծում է սեփական ընկերությունը՝ «Fonar»-ը՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆների արտադրության համար։

Դամադյանն արժանացել է բազմաթիվ բարձր և հեղինակավոր պարգևների։

Նրա ստեղծած առաջին սարքավորումը, որին անվանել էին «Անսանձելի» («Indomitable»), պահպանության է հանձնվել Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում և այժմ ցուցադրվում է Օհայո նահանգում գտնվող Գյուտերի փառքի Ազգային պատկերասրահում։ 2001թ․-ին նա արժանացավ հեղինակավոր Lemelson-MIT մրցանակային որպես «մարդը, որ հայտնագործեց ՄՌՏ-ն»։ Չնայած նրա համաշխարհային ճանաչմանը՝ 2003թ․-ին նա չարժանացավ Նոբելյան մրցանակի, փոխարենը ՄՌՏ-ի ոլորտում կատարած գյուտի համար Նոբելյան մրցանակ ստացան երկու այլ գիտնականներ՝ Պիտեր Մենսֆիլդն ու Պոլ Լոտերբուրը, որոնց նորարարությունը հիմնված էր Դամադյանի կատարած գյուտի վրա։ Թեպետ Նոբելյանի մրցանակի կանոններով՝ արգելված չէ նույն անվանակարգում հաղթող ճանաչել 3 և ավելի մարդկանց, բայց Դամադյանի դեպքում նման որոշում չկայացվեց։

Դա դարձավ Նոբելյան մրցանակի շուրջ հերթական մեծ սկանդալը, շատ գիտնականներ հանդես եկան հրապարակային անհամաձայնության և բողոքի ելույթներով, լույս տեսան հոդվածներ «Նոբելյան անարդարության» մասին, հեղինակավոր պարբերականներ, ինչպես, օրինակ, «Նյու Յորք Թայմսն» է, հոդված հրապարակեց՝ փորձելով վերլուծել անարդարության հնարավոր պատճառները։ Նոբելյան կոմիտեի կայացրած որոշման պատճառը ոմանք համարում են Դամադյանի «Երիտասարդ երկրագնդի ստեղծման» ուղղության դավանումը, ըստ որի, ինչպես Հին Կտակարանում է ասվում, երկիրը ստեղծվել է 6 օրում։ Սովորաբար այս ուղղության հետևորդները 6 օրը հավասարեցնում են 6000-7000 տարիների։

«Ատոմային մագնիսական ռեզոնանսի  առաջամարտիկները և մագնիսական ռեզոնանսը բժշկության մեջ» գիտական գրքում հեղինակները գրեցին․

«Չլիներ Դամադյանի հայտնագործությունը, մենք չէինք իմանա, որ քաղցկեղի պես լրջագույն հիվանդությունները կարելի է հայտնաբերել ընդամենը մագնիսական սարքի միջոցով»։

Ինքը՝ բժիշկ Ռայմոնդ Դամադյանը, իր հարցազրույցներից մեկում ասել է․«Ես բացառիկ ներդրում եմ կատարել և ստացել առաջին արտոնագիրը․եթե մարդիկ ցանկանում են փոխել պատմությունը, ես դրա հետ ոչինչ չեմ կարող անել»։

Չնայած գիտական շրջաններում բարձրացված աղմուկին՝ Նոբելյան կոմիտեն այդպես էլ որոշումը չփոխեց։ 83-ամյա գիտնականը շարունակում է ապրել ԱՄՆ-ում, իսկ նրա կողմնակիցները հույսները չեն կորցնում, որ մի օր Դամադյանի վաստակը կգնահատվի Նոբելյան մրցանակով։

https://armeniasputnik.am/columnists/20190613/19113759/nobelyani-hertakan-skandaly-inchpes-hay-gitnakani.html

Be the first to comment on "Նոբելյանի հերթական սկանդալը. ինչպես հայ գիտնականի նորարարությունը վերագրվեց ուրիշներին"

Leave a comment

Your email address will not be published.


*