Գյումրեցի պատանի Միքայելը կատարեց վարչապետ Փաշինյանին տված խոստումը. տարածքը մաքրված է

 

Գյումրեցի 14-ամյա պատանին՝ Միքայել Սարգսյանը, համախոհ-հասակակիցների հետ աղբից մաքրել է հարազատ քաղաքի մի հատվածը: Այլ կերպ նա չէր կարող. խոսք էր տվել, իսկ իսկական տղամարդը խոսքը գետնով չի տալիս:

 

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ Գյումրի կատարած վերջին այցելության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղավ նաև «Ավտոկայան» տնակային ավանում: Շրջակայքի աղտոտվածությունից դժգոհելով՝ վարչապետը դիմել էր բնակիչներին. «Ի՞նչ է կատարվում: Ինչու՞ է այստեղ այս վիճակը»:

 

Տարածքը՝ մինչ մաքրվելը. վարչապետն այսպիսին էր տեսել այն
 Տարածքը՝ մինչ մաքրվելը. վարչապետն այսպիսին էր տեսել այն

Այդ օրը վարչապետին տեսնելու մեծ ցանկություն ունեցող գյումրեցի մի պատանի, ինչպես հետո պարզվեց՝ 14-ամյա Միքայելը, որը նույնիսկ այդ թաղամասում չի բնակվում, Փաշինյանին խոստացավ մի խումբ կազմել ու մաքրել տարածքը, իսկ կատարված աշխատանքի մասին տեղեկացնել վարչապետի օգնականին: Հանդիպման ժամանակ պատանին նաև իր ցանկությունը հայտնեց՝ «ուզում եմ ձեզ հյուրընկալվել, երբ հարմար է»:

Գյումրեցի Միքայել Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Գյումրեցի Միքայել Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Միքայելը, իսկական տղամարդուն վայել, խոսքը գործի վերածեց. խումբ կազմեց ու մաքրեց տարածքը: Արդեն մաքրված տարածքը լուսանկարեց և ուղարկեց վարչապետի օգնականին: Այնպես, ինչպես խոստացել էր:

Տարածքը՝ Միքայելի մաքրելուց հետո
Տարածքը՝ Միքայելի մաքրելուց հետո

Միքայել Սարգսյանը սովորում է Գյումրու «Շիրակի» պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցի 9-րդ դասարանում: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցի ժամանակ անկեղծանում է, որ ապշած է այդ տարածքի բնակիչների անտարբերությունից: Մինչ ինքն ու իր ծանոթները մաքրում էին տարածքը, հենց նույն թաղամասի բնակիչները ոչ միայն իրենց չէին շտապել օգնել, այլ նաև դժգոհել էին:

«Բավական մեծ տարածք էր: Մաքրեցինք: Մոտ 60 պարկ աղբ հավաքեցինք, հետո էլ ծառ տնկեցի, որը մաքրության ծառ կոչեցի»,-նշում է Միքայելը:

Միքայել Սարգսյանի տնկած «Մաքրության ծառը»
Միքայել Սարգսյանի տնկած «Մաքրության ծառը»

Ի դեպ, տղային հայրիկն է օգնել պարկերով աղբն իր մեքենայով տեղափոխել: «Ես այս թաղամասից չեմ, պարզապես վարչապետին շատ եմ սիրում ու նրան տեսնելու ցանկությամբ եկել էի «Ավտոկայան» թաղամաս: Հաջողվեց, մոտեցա ու խոստացա մաքրել: Նույն թաղամասի մարդիկ՝ մեծից փոքր, անտարբեր էին, իսկ հարևանությամբ ապրողը բարկացավ, թե ինչու եմ մաքրում: Բայց դա ինձ չխանգարեց՝ տարածքը մինչև վերջ մաքրեցի: Նույնիսկ մտածում էին, թե ես գումար եմ ստացել դրա համար»,-վրդովված նշեց Միքայելը՝ տեղեկացնելով, որ վարչապետի օգնականը արդեն շնորհակալություն է հայտնել իրեն:

«Իմ ցանկությունը մեկն է՝ մարդիկ չկեղտոտեն ու անտարբեր չլինեն»,-ասաց քաղաքացի Միքայելը:

Միքայելը դեռ չի որոշել ապագայում ինչ է դառնալու, բայց խոստովանում է՝ ամենաշատը «Հասարակագիտություն» առարկան է սիրում: Երազում է, որ վարչապետն իր ցանկությունը կկատարի ու ինքը կհյուրընկալվի նրա նստավայրում:

https://armeniasputnik.am/society/20190513/18576855/gyumreci-patani-michael-y-katarel-e-nikol-pashinyani-tvac-xostumy-taracqy-maqrvac-e.html

Be the first to comment on "Գյումրեցի պատանի Միքայելը կատարեց վարչապետ Փաշինյանին տված խոստումը. տարածքը մաքրված է"

Leave a comment

Your email address will not be published.


*